Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն «անհիմն» և «տարակուսելի» է որակել «Ռոսպոտրեբնադզորի»՝ ՌԴ-ում 2,5 միլիոն շիշ «Ջերմուկի» իրացումը կասեցնելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել։
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն փետրվարի 12-ին հայտնել էր, որ «Ջերմուկի» հանքային ջուր խմելուց հետո Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել, քանի որ, նրա խոսքով, ջրի փոխարեն շշի մեջ քացախ էր եղել։
ՍԱՏՄ վարչության գլխավոր տեսուչ Ռոբերտ Թորոսյանը Հանրային Հեռուստաընկերությանն ասել է, որ ընկերությունում ստուգումներ են կատարել, ինչի արդյունքում կարող են փաստել, որ քացախի առկայությունը տեխնիկապես հնարավոր չէ:
«Ստուգումն արտահերթ էր, ուսումնասիրվել է ամբողջ շղթան, արտադրական՝ շշերի լվացումից, շշալցումից մինչև վերջնական արտադրանքի ստացում։ Ամբողջ շղթան ավտոմատացված է, շշերը լվացվում են մինչև 85 աստիճան ջերմաստիճանում։ Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2,5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում 150 հազար շշից ավելի արտադրելու հնարավորություն չունի»,- հայտարարել են ՍԱՏՄ-ում։
Թորոսյանը հավելել է, որ օտար մասնիկի կամ օտար հեղուկի առկայության դեպքում համակարգը հոսքագծից ավտոմատ դուրս է բերում տվյալ տարան։
«Այնուհետև շշալցումից հետո անցնում է երկրորդ խոտանման սարքով և ևս մեկ անգամ ստուգվում է։ Վերջնական արտադրանքն արդեն դուրս է գալիս ավտոմատացված համակարգով»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ստուգել են նաև որակի անվտանգության համակարգերը։
««Ջերմուկի» արտադրության հոսքագծի արտադրողականության ծավալը ժամում կազմում է 25 հազար շիշ։ Ըստ ստանդարտների՝ պատրաստի արտադրանքի նվազագույն քանակը 1200 շիշն է, ուստի, եթե անհամապատասխանություն լիներ, այն պետք է դրսևորվեր առնվազն այդքան շշում։ Մինչդեռ նախորդ տարվա դեկտեմբերի արտադրանքի իրացումից 1,5 ամիս անց միայն Վլադիկավկազի այդ դեպքն է արձանագրվել»,-հավելել են ՍԱՏՄ-ում։
Փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչներից մեկի կերակրափողի այրվածք ստանալու մասին հաղորդումից հետո։ ՌԴ Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Փետրվարի 14-ին «Ջերմուկ Գրուպը»-ը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան բացառել էր գործարանում շշալցված «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը: Ընկերությունն իր հայտարարությունում ընդգծել էր, որ հանքային ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։