Ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչը՝ բողոքի ակցիայի հավաքներին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024թ. ՀՀ-ում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին:
«Հիշյալ անձն ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված թվով 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական դրամ գումարները»,- հայտնում է ՔԿ-ն։
Պարզվել է նաև, որ մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին, ապա, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3.000-ական դրամ գումարները, նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր քաղաք:
Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Վերջինս ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:
Գերատեսչությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Մայիսի 10-ին, 11-ին, 13-ին և 14-ին Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։
Մայիսի 10-ին անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 10 քաղաքացի, մայիսի 11-ին՝ 48 քաղաքացի։ Մայիսի 13-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 171 մասնակցի, իսկ մայիսի 14-ին՝ 63 քաղաքացու, այդ թվում՝ նաև անչափահասներ։