Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինծառայողները փետրվարի 24-ին կրակել են 2022 թվականին Հայաստան, մասնավորապես, Գեղարքունիքի մարզ ներխուժած դիրքերից։
«Ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: ՓԵտրվարի 24-ի կրակոցներն ուղիղ գծով՝ 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների], Հայաստանի խորք ներխուժած վայրից է»,- հստակեցրել է Թաթոյանը։
Փետրվարի 24-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել էր փետրվարի 12-ին, երբ Ադրբեջանը հայտնել էր, թե, իբր, հայկական կողմի կրակի հետևանքով վիրավորվել է իր սահմանապահը, ինչն ավելի ուշ հերքել էր ՀՀ ՊՆ-ն: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը փետրվարի 13-ին հայտարարել է Ադրբեջանի զինվորականների կողմից արձակած կրակի հետևանքով 4 մարդու զոհվելու և մեկ զինծառայողի վիրավորվելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում։