ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու» մեջ։ Այսպես է նա մեկնաբանել Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ռուս սահմանապահները թույլ չեն տվել ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին մուտք գործել Ներքին Հանդ գյուղ և չեն կարողացել կանխել ադրբեջանական զինուժի կողմից գյուղի մերձակայքում հայկական դիրքերի գնդակոծումը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան «չափազանց բացասական» է գնահատում նման հայտարարությունները։ «Առաջին անգամը չէ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը, միայն թե, կարծում եմ, դա դուր կգա ինչ-որ մեկին Արևմուտքում՝ ինչ-որ պատճառներ գտնել Ռուսաստանին քննադատելու համար և այլն»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Ներքին Հանդ բնակավայրի տարածքում ռուս զինվորականներ չկան։ «Այնտեղ, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին տեղակայվել է ԱԴԾ սահմանապահ կետ։
«Բայց, միևնույն ժամանակ, ինչպես գիտենք, այս պահին Հայաստանում հետաքննություն է ընթանում սադրանքները կանխելու հրամանը խախտելու համար»,- նշել է նա։
Ռուս սահմանապահները, ըստ ռուս դիվանագետի, 30 տարի հսկում են Հայաստանի սահմանները և «բազմիցս գործով ապացուցել են իրենց արդիականությունը», մինչդեռ ԵՄ «կեղծ դիտորդները բոլորովին այլ բան են անում, քան այն, ինչի համար կանչվել են»։
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ հայկական կողմից հրետակոծության արդյունքում վիրավորվել է իր սահմանապահը։ Փետրվարի 13-ի առավոտյան ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Ներքին Հանդ գյուղի մերձակայքում գտնվող հայկական մարտական դիրքը, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Նրանք բոլորը Երկրապահ կամավորական միության անդամներ էին։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին ասել էր, որ ռուս սահմանապահները թույլ չեն տալիս ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին մուտք գործել Ներքին Հանդ գյուղ։ Նա ասել էր, որ սա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որտեղ ռուս սահմանապահները թույլ չեն տալիս մուտք գործել ԵՄ առաքելության ներկայացուցիչներին։