Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալի, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Գերատեսչությունը մանրամասնում է, որ Հայաստանը ներկայացրել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանն արժանացել է ոսկե, Էլեն Քեշիշյանն (9-րդ դասարան) ու Արման Ասատրյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ 9-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սամվելյանը՝ գովասանագրի։
Օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Ադիգեյի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) և Ռուսաստանի 18 տարածաշրջանի ավելի քան 160 աշակերտ: Օլիմպիադան նախատեսված էր 2 տարիքային խմբերի համար՝ պատանիների (9-րդ և 10-րդ դասարաններ) և ավագների (11-րդ և 12-րդ դասարաններ)։ ՀՀ թիմը հանդես է եկել պատանիների տարիքային խմբում։
Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացած «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել էին 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: