Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ դեպքի մասով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Նրանցից մեկը և 21-ամյա երիտասարդը ձերբակալվել են: Պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը և փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաև՝ չորացած արնանման հետքերով հագուստներ»,- հայտնում է ՔԿ-ն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին և նրա ընկերոջը մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:
Մարտի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության հանգամանքները և տեղեկացրել, որ դեպքի առնչությամբ 21-ամյա երիտասարդ է ձերբակալվել։
Մարտի 13-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ 17-ամյա ուսանողի սպանության դեպքի առթիվ կոմիտեն քրվարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում):
ԶԼՄ-ն տեղեկացել է ՔԿ նախկին ղեկավարի հարցաքննության մասին՝ ՔՊ պատգամավորի որդու գործով
Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով հարցաքննության, գրում է...