Մայիսի 15-ին ձերբակալվել և նույն օրը կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
ՔԿ-ն հայտնել է, որ բացահայտվել են Ա.Ա․-ի (Ախոյանի-խմբ.) կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/
խոշոր չափերով խարդախություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը՝ առանձնապես խոշոր չափերով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով):
Ըստ ՔԿ-ի` Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 դոլար գումարներ։ Հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար, հայտնել են ՔԿ-ից։
Մանրամասնել են նաև, որ Ախոյանը 2010-ի հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան, բայց դա չի արել՝ յուրացնելով բնակարանի գումարը։
«Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Պարզվել է նաև, որ Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, որով պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 դրամ, բայց փաստացի վճարել է 67.440.000 դրամ։ 42.560.000 դրամի փոխարեն նա խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42.560.000 դրամ գումար»,- հավելել են ՔԿ-ից։