Պետերբուրգի գլխավոր գաստրոէնտերոլոգ Յուրի Ուսպենսկին պատմել է, թե ինչու է կարևոր քաշին հետևելը և ինչ եղանակներով է հնարավոր նիհարել:
Բժիշկը Doctorpiter-ին տված հարցազրույցում նշել է, որ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, հեղափոխական մեթոդների կարիք չունեն։ Նա ընդգծել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է առաջին հերթին հրաժարվեն հացից, կարտոֆիլից, մակարոնեղենից։ Ըստ մասնագետի՝ շեշտը պետք է դնել մսի, կաթնաշոռի, տարբեր շոգեխաշած և խաշած բանջարեղենի, ձիթապտղի յուղի վրա:
Նա հավելել է, որ մարդիկ կարող են բնական ճանապարհով նվազեցնել ստամոքսը և չդիմել անգամ բարիատրիկ վիրաբուժության միջոցին։ Ուսպենսկու խոսքով՝ պարզապես ամեն օր և աստիճանաբար պետք է ավելի ու ավելի քիչ սնունդ դնել ափսեի մեջ, և այդ ժամանակ ստամոքսը կսկսի նեղանալ։ Նա ընդգծել է, որ սկզբում դա բավականին դժվար կլինի, բայց կանաչ խնձորները, ցածր յուղայնությամբ կեֆիրը, կանաչ թեյը կօգնեն հաղթահարել քաղցը:
Մասնագետը խորհուրդ է տվել սնունդն ուշադիր ծամելով ընդունել, արագ չուտել։ Նրա խոսքով՝ կարևոր է վերանայել սննդային նախասիրությունները՝ հրաժարվել քաղցր, հեշտությամբ մարսվող սննդից։ Բացի այդ, մասնագետի կարծիքով, ֆիզիկական ակտիվությունը քաշի կորստի և հզոր հակասթրեսային գործոն է: