Սյունիքի մարզում ապրիլի 27-ին իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան դեպքի առթիվ ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով):
ՔԿ-ն քննությամբ պարզել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական: Նշվում է, որ նախնական տվյալներով բոլոր 5 զոհերն Իրանի քաղաքացիներ են։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։
«Նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով Երևանից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։ Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկն իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Կոմիտեից հավելել են, որ վարորդը եղել է սթափ վիճակում:
Ապրիլի 27-ին Սյունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 5 անձ, տուժել 11 մարդ։