Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում «հաջող» է անվանել կայացած սահմանազատումը է և նշել, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի հանձնվել։
«Հիմքը 1976 թվականի քարտեզներն են, մենք այդ քարտեզներով ամբողջությամբ գիտենք Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- ասել է նա։
Գրիգորյանը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ընդունած արձանագրությունների մասին։ Նա հայտնել է, որ դրանք պետք է ներպետական գործընթաց անցնեն։
«Դրանից հետո կհամարենք, որ իրավական առումով սահմանազատման գործընթաց է տեղի ունեցել, սահմանապահ զորքերը վերջնական կդիրքավորվեն այդտեղ և կանցնենք մյուս փուլին՝ կշարունակենք սահմանազատումը»,- հավելել է նա։
Գրիգորյանն անդրադարձել է նաև սահմանազատման շրջանակում Տավուշի մարզի 4 գյուղի հետ կապված հարցին։ Նրա խոսքով՝ Ոսկեպար, Բերքաբեր, Բաղանիս համայնքներում ՀՀ-ն «մեծ հաշվով» խնդիրներ չի ունենա, սահմանն արդեն հայտնի է։
Ըստ Գրիգորյանի՝ Կիրանցում որոշակի խնդիրներ են մնում։ Նա նշել է, որ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976թ․ քարտեզով (սահմանազատումից հետո – խմբ) դուրս են մնում ՀՀ տարածքից և խոստացել է, որ կառավարությունը բոլոր խնդիրները հասցեագրելու է։ «Այդ շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, մեկն էլ ավտոտնակ։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է»,- ասել է նա։
Նա վստահեցրել է, որ ճանապարհի մասով որևէ խնդիր չի լինի, իսկ մյուս խնդիրները լուծելու են։ «Ունենալու ենք ճանապարհ, որն ամբողջությամբ ՀՀ տարածքով է անցնում։ Երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը նաև բացառել է գազատարի հետ կապված որէ խնդիր՝ հիմնավորելով, որ գազատարն անցնում է ՀՀ տարածքով։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։