ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին հաջողվել է կառուցվածքային հուն մտնել՝ հասնելու բողոքի ցույցերի նպատակներին։
«Պայքարի կառուցվածքային հունի մեջ ենք մտել և դա շատ կարևոր է, սրանից շատ են վախենում մարդու որդիները»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանությունները վախենում են սրանից։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Գալստանյանը խոսել է վաղը՝ մայիսի 18-ի առավոտյան, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, նաև գիտության, արվեստի ներկայացուցիչների հետ զրուցելու և պահեստազորի սպաների հետ հանդիպելու ծրագրերի մասին։ Նա պարզաբանել է, որ նման հանդիպումները շարունակվելու են մինչև հաջորդ շաբաթվա վերջ, որից հետո հայտնելու է շարժման առաջիկա անելիքների մասին։
«Վաղը երկու-երեք մեծ հանդիպում կա մշակույթի, արվեստի գործիչների, պահեստազորի սպայական կազմի հետ, առավոտյան քաղաքական դաշտի կուսակցությունների հետ, հաջորդական օրերին նույն կերպով մինչև հաջորդ շաբաթավերջ, որտեղ կհայտարարենք, թե ի՞նչ է տեղի ունենալու և ինչպե՞ս, ով ի՞նչ պարտականություն ունի անելու դա իրագործելու համար։ Տարբերակ չկա, որ ճշմարտությունը պարտվի, ուզենք էլ, չի պարտվելու, զոռով էլ չի պարտվելու։ Եվ, վստահաբար, մենք, ճշմարտությունը հաղթելու է»,- նշել է նա։
Սրբազանի խոսքով՝ վաղվա հանդիպմանը հրավիրված են քաղաքական դաշտի ներկայացուցիչներ։ «Վաղը հրավիրված են շարժումներ, նախաձեռնություններ, կուսակցություններ, բոլորի հետ կփորձենք հանդիպել»,- ասել է նա։
«Ազգային ճակատ» Telegram ալիքը պարզաբանել է Գալստանյանի հանդիպումների ժամանակացույցը։ Այսպես, վաղը ժամը 11:00-ին նա հանդիպում կունենա կուսակցությունների, ժամը 14:00-ին «Անի Գրանդ» հյուրանոցում՝ մշակույթի ներկայացուցիչների հետ։ Նույն տեղում ժամը 18:00-ին հանդիպում կկայանա պահեստազորի սպաների հետ։
Նա խոսել է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ (հետխորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարար) Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այսօր հանդիպելու պլանների մասին։
Նա հայտնել է, որ գոհ է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։
«Հանդիպել եմ Հայ Ազգային կոնգրեսի հետ, բոլոր քաղաքական թիմերի մեջ էլ, բացի նրանից, որ նրանք քաղաքական մարմիններ են, նաև ջերմ անձնական մտերմություն կա, անկախ քաղաքական հայացքներից, մեր փափագն է, որ հենց դա լինի մեր հասարակական կյանքում, թշնամություն չլինի»,- հավելել է նա։
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը տեղեկացրել է նաև, որ շարժմանն աջակցել է Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը, իսկ Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ քաղաքներում ավտոերթեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն շարժման։
Գալստանյանը նաև մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությունը, ով խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ չի հասկանում, թե շարժումն ինչ օրակարգով է հանդես գալիս, որպեսզի հանդիպի արքեպիսկոպոսի հետ։
Գալստանյանն ընդգծել է, որ առաջնային խնդիրը պետք է լինի ստախոսության, կեղծիքի լեգիտիմացումից ազատվելը։ Նա հավելել է, որ չնայած խաղաղության մասին խոսակցություններին, Հայաստանի իշխանությունները նման հակասահմանադրական որոշումներով միայն պատերազմ կբերեն այս և գալիք սերունդներին։
«Այս իշխանությունը պատերազմ է բերում, ոչ թե խաղաղություն։ Ամենամեծ հանցանքն այն է, որ ոչ միայն ներկայի համար է պատերազմ բերում, այլ գալիք սերնդին է պատերազմի մեջ մտցնում, սերունդներին էլ է պատերազմ կտակում այս քայլերով։ Բացի դրանից, հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհներով, մթության քողի տակ, գաղտագողի գործարքներ է անում»,- ընդգծել է նա։
Արքեպիսկոպոսը ելույթի ժամանակ հեռախոսով զանգահարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և խնդրել նրան պատմել, թե ինչ է կատարվում Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում։ Կիրանցիները մայիսի 16-ին փակել էին Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը՝ ի նշան Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատելու իշխանությունների որոշման դեմ բողոքի։
Դանիելյանը նշել է, որ բնակիչները պատրաստվում են շարունակել պայքարը, չնայած նրան, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և տեղի այլ պաշտոնյաներ հանդիպել են իրենց հետ։ Նա նաև ասել է, որ իշխանությունները խոստացել են փոխհատուցել գյուղի այն բնակիչների գույքային վնասը, որոնց տները կանցնեն Բաքվի վերահսկողության տակ, սակայն կիրանցիները մերժել են։
«Այստեղ է եկել մարզպետը որոշ տեղական պաշտոնյաների հետ։ Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մարդկանց հետ փորձել են ծածուկ հանդիպումների հրավիրել, փորձելով գումար առաջարկել։ Բայց մարդիկ չեն ընդունել, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և ասել են, որ մենք մեր տները, մեր տները, մեր հայրենիքը, մեր սրբավայրերը գումարով վաճառող չենք», – ասել է նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում։