ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը՝ ընդգծելով, որ դրա համար նախադրյալներ չկան, և այս հարցը նույնիսկ չի էլ քննարկվում։
Նրա խոսքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պայքարն է, ինչի ապացույցն այն է, որ նրա խմբակցությունը կանգնած է Գալստանյանի կողքին և ակտիվ ներգրավված է շարժմանը:
«Ի՞նչ քաղաքական ճգնաժամի մասին է խոսքը։ Նույն Վազգեն Գալստանյանը նույն Ռոբերտ Քոչարյանի միտինգին առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում։ Կարծեմ 2021 թվականին նույն բառապաշարով մոտավորապես նույն ելույթներն ունեցել է։ Ընդհանրապես, ինչ-որ նոր բան այս ամենի մեջ, որպես այդպիսին, չեմ տեսնում»,- ասել է պատգամավորը։
Ալեքսանյանը հավելել է, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց սահմանադրական իրավունքը հարգում է, բայց կարծում է, որ շարժումը մարել է։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողների այն հարցը, թե արդյոք իրեն մտահոգո՞ւմ է մայիսի 9-ի շարժման հանրահավաքի մասնակիցների թիվը։
«Ռոբերտ Քոչարյանը նման մի հավաք արել էր նաև 2021 թվականին, ակնհայտ է, որ այդ քաղաքական ուժերն ունեն որոշակի քանակով մարդկանց աջակցություն։ Եթե մարդկանց քանակով ենք շարժվում առաջ, ապա մայիսի 9-ից հետո շարժումը դարձել է Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկոյան 100 հոգանոց հավաք, որի ժամանակ ընթերցում են կեղծ լուրեր։ Իմ համոզմամբ՝ մարել է շարժումը»,- շեշտել է պատգամավորը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։
Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։