Հայկական կողմը 24 դիրք է հանձնում Ադրբեջանին (Տավուշում՝ սահմանազատման գործընթացի արդյունքում -խմբ), լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա խոսքով՝ հայտարարված սահմանազատման դեպքում վտանգվում է Հայաստան-Վրաստան ճանապարհը։
«Այս պահի դրությամբ 24 դիրք է հանձնվում, առաջին հերթին, այսպես կոչված, սահմանային տարածքներ, բայց դրանից բացի կան անկլավային տարածքներ։ Ադրբեջանը հետո է պահանջելու այդ անկլավային տարածքների հետ կապը, և Տավուշի մարզից մտնելու է Հայաստանի խորքերը»,- ընդգծել է քաղաքագետը։
Նա նշել է, որ Տավուշի մարզից Ադրբեջանը վտանգի տակ է դնելու ոչ միայն Հայաստան-Վրաստան սահմանը, այլև Լոռվա տարածքները։
«Գլխավոր վտանգն այն է, որ նախկինում գոյություն ունեցած լիարժեք ուղիղ պաշտպանական գիծն ամբողջությամբ խախտվում է»,- ասել է Միքայելյանը։
Քաղաքագետը հիշեցրել է, որ Փաշինյանի կառավարության գծած առաջնագծում՝ Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում, Ադրբեջանը լուրջ հաջողություններ է ունեցել, քանի որ նոր ենթակառուցվածները նորմալ չեն կառուցվել և զինվորների պաշտպանության տեսանկյունից ոչինչ չի արվել, իսկ Տավուշում այդ աշխատանքները ժամանակին են արվել, այդ թվում՝ Գրիգորի Խաչատուրովի կողմից։
«Արված գործն այսօր թափվում է ջուրը»,- ասել է նա։
Քաղաքագետը նաև նշել է, որ Կիրանցի ճանապարհին Ադրբեջանը միանգամից ուղեփակոց է դնելու, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի դեպքում է արել։
Նրա խոսքով՝ քարտեզով սահմանագծում անել հնարավոր չէ։ «Պիտի գծվի բոլորովին այլ սահման, ամենաօպտիմալ սահմանը գոյություն ունեցողն է»,- ավելացրել է նա։
Մայիսի 4-ին քաղաքագետն Armenia Today-ին մեկնաբանել էր Տավուշի սահմանի հետ կապված իշխանությունների քաղաքականությունը՝ շեշտելով, որ դրա հետևանքով պատերազմի վտանգն աճում է։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։