Քաղաքական ուժերը մայիսի 18-ի հանդիպման ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գալստանյանը չի համաձայնել որևէ թուղթ ստորագրել: Նա պատճառաբանել է, որ մինչ իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնություն տալը՝ պետք է Վեհափառի համաձայնությունն ստանա: Իսկ երեկ՝ մայիսի 23-ին, նա հայտարարել էր, որ մայիսի 26-ի մեծ հանրահավաքի օրը կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։