Ժամը 11.30-ի դրությամբ ոստիկանություն է բերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների 240 մասնակից, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
240 մասնակից բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության իրավական պահանջին չենթարկվելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով) նախատեսված արարք կատարելու համար։
Մայիսի 27-ի վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաներն այս պահին շարունակվում են։ Քաղաքացիները աղբամաններով, ինքնագլորներով փողոցներ են փակում, իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Ակցիաներ են տեղի ունենում նաև մարզերում։ «Ազգային ճակատը» հայտնել է, որ քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա, ավելի ուշ՝ Երևան-Գյումրի ճանապարհները։ 12։05-ի դրությամբ փակ է նաև Գյումրի-Աշոցք մայրուղու Թորոսգյուղի հատվածը։ Սիսիանում, ըստ «Ազգային ճակատի», «ոստիկանները քաղաքացիների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել»։
«Ազգային ճակատն» ավելի ուշ տեղեկացրել է, որ կարմիր բերետավորները ՀՅԴ գերագույն մարմնի շենքի մոտ բիրտ ուժ կիրառելով՝ ծեծի են ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:
Իսկ ավելի ուշ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հայտնել է, որ «կարմիր բերետավորներն առավոտից խոշտանգումների են ենթարկում ակցիայի մասնակիցներին»։ Նա նշել է, որ, իր տեղեկություններով, «կարմիր բերետավորները խոշտանգումների համար պարգևավճար են ստանում»։
Հայ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանը լրագրողներին տեղեկացրել է, որ անհնազանդության ակցիաները մտադիր են շարունակել մինչև 13։00-ն, որից հետո կհայտնեն հետագա գործողությունների մասին։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-16-ն անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մանրամասները՝ տեսանյութերում։