Ժամը 16։30-ի դրությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներից բերման ենթարկված բոլոր՝ 284 մասնակիցներն ազատ են արձակվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ակցիաների մասնակիցներին բերման էին ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության իրավական պահանջին չենթարկվելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով) նախատեսված արարք կատարելու համար։
«Ազգային ճակատը» հայտնել է, որ Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
«Բոլորն սկսեցին խեղդվել։ Ոստիկաններն անցնող վարորդներին կոչ են արել փակել մեքենաների պատուհանները»,- մանրամասնել են «Ազգային ճակատից»։
Շարժումը նաև հրապարակել է լուսանկար ու հայտնել Սիսիանի հատվածում Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի փակ լինելու մասին։
Հավելենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառելու մասին ավելի վաղ հայտնել էր «Ազգային ճակատը»։
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ երթ է անցկացվել Երևանում։ Այնուհետ նա հայտարարել է՝ քաղաքացիների հետ ժամը 18.00-ից շարժվելու է դեպի Սարդարապատ և գիշերը մնան այնտեղ, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրն այնտեղ լինեն։ «Ազգային ճակատը» տեղեկացրել է, որ Շահումյանի հրապարակից դեպի Սարդարապատ նաև ավտոերթ է իրականացվելու։
«Միայն նրանք իրավունք ունեն գնալու Սարդարապատ, ովքեր մեր արժեքները չեն հակադրում։ Մյուսների գնալն ուղղակի ձևականություն է, մի օր էլ կգա, որ էլ չեն գնա, անշուշտ»,- հայտարարել է նա։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-16-ն անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։