Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առանձնանալու փորձեր է անում, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ մայիսի 28-ին, երբ ՔՊ ղեկավարությունը Հանրապետության տոնի կապակցությամբ ոստիկանների ուղեկցությամբ գնում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր, Տիգրան Ավինյանն Ապարանում էր գործարար Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ: Թերթը հրապարակել է լուսանկար, որտեղ նրանք միմյանց հետ թևանցուկ են։
Թերթը նշել է, որ նախորդ տարիներին Ալեքսանյանը բոլորովին այլ կազմի հետ է նշել տոնը։ Օրինակ՝ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն ու նրա եղբայրը, Նապոլեոն Ազիզյանը, Վրեժ Մարկոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը և ՀՀԿ այլ անդամներ։
Փաշինյանն այս տարի Հանրապետության տոնին Սարդարապատ է այցելել ոչ թե առավոտյան, այլ կեսօրից հետո։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 27-ին երթով շարժվել էր դեպի Սարդարապատ ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հայտարարել մայիսի 28-ին Փաշինյանի մուտքը հուշահամալիր թույլ չտալու մասին։
Մայիսի 28-ի առավոտյան շարժումը հավաք էր իրականացրել Սարդարապատում, Բագրատ Սրբազանը Փաշինյանի՝ առավոտյան Սարդարապատ չայցելելը «վախի» նշան էր որակել։ Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր անցկացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։