Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել և հեռանալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով մտադրությունից հետ է կանգնել, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Լուրեր կան, որ Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու։ Անգամ ապագա պաշտոնն են նշում՝ Պետական պահպանության ծառայության ղեկավար, ինչը համազոր է պաշտոնաթող անելուն»,- հավելել է թերթը։
Մայիսի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ երթով գնացել էր ՆԳՆ։ Սրբազանը ՆԳ նախարարի հետ հանդիպում էր պահանջել։ Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ նախարարը պատրաստ է հանդիպել Սրբազանի հետ՝ «այլ ֆորմատով»։ Նրանց հանդիպումն այդպես էլ տեղի չէր ունեցել։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։