«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավարտել են ԱԳՆ շենքի մոտ անցկացվող ակցիան։ ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել են, որ ժամը 16։30-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիայի 26 մասնակից։
Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի։
Մայիսի 31-ին Բագրատ Սրբազանը, որը շարժման աջակիցների հետ երթով եկել էր ԱԳՆ շենքի մոտ, հանդիպում էր պահանջել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է։ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանությունը փորձել էր ցրել շարժման ակցիան, որից հետո բախումներ էին սկսվել։ Ոստիկանական ուժերը ցուցարարներին դուրս էին հանել ԱԳՆ շենքի մուտքի աստիճաններից, որտեղ նրանք բողոքի ակցիա էին իրականացնում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։