ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կարող է հասնել իր նպատակներին (իշխանափոխության-խմբ)։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ Գալստանյանի թեկնածությունը մի քիչ դժվար, բայց ելք է։
«Մենք ասել ենք, որ մեր կուսակցությունը, համակիրները, բոլորն աջակցում են այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ Սրբազանը։ Եթե ինքն է թեկնածուն, ուրեմն իրեն ենք աջակցում»,- նշել է Սարգսյանը։
Սահմանադրական առումով նա ևս ելք տեսնում է. «Կա սահմանադրական ելք, և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի երկու երրորդով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Սա մի քիչ դժվար է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»։
Սարգսյանը հավելել է, որ որոշում կայացնողներին փոխելու այլ ճանապարհ չի տեսնում։ «Ակցիա իրականացնողները ստորագրողների ձեռքից բռնելու հնարավորություն չունեն, ակցիաները նրա համար են, որպեսզի դա ստորագրողներն այդ իրավունքը չունենան։ Այլ ճանապարհ չեմ տեսնում»,- ասել է նախկին նախագահը։
Սարգսյանի խոսքով՝ պայքարողների կամքից ու քանակից է կախված շարժման արդյունքը և ավելացրել է, որ շարժումը չի մարում։
«Միշտ հաղթում է հոգեպես ամուրը և կամք ունեցողը։ Եթե բոլորս կարողանանք կամք դրսևորել, ուրեմն ամեն ինչ նորմալ կլինի։ Պայքարողների հաստատակամությունից և քանակից է կախված, թե ինչ արդյունք կունենանք»,- ընդգծել է նա։
Սարգսյանը իրավաբանական և բարոյական սահմաններից դուրս է որակել մայիսի 28-ին ոստիկանների կողմից վարչապետ Փաշինյանի այցելության ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը։
ՀՀ նախկին նախագահը նշել է, որ իշխանությունների և ոստիկանության նման գործողություններին նպաստում է արևմուտքի «անհամաչափ աջակցությունը» ՀՀ իշխանություններին։
Նա հիշեցրել է, որ նախկինում ՀՀ դաշնակիցները կամ ոչ արևմտյան երկրները ներքին կյանքի մասին որևէ հայտաարարություն չեն արել, համենայն դեպս՝ ուղիղ։ Սարգսյանի խոսքով՝ ԵԽ երկրները պարտավոր են զբաղվել այդ գործով։
«Չեք կարող մի դեպք ասել, երբ ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ և դրա արձագանքը չի եղել։ Անհամաչափ ուժի կիրառման 2-3 դեպք է տեղի ունեցել, որոնք ամիսներով, որոշ դեպքերում՝ տարիներով միշտ հնչեցրել են ներսից ու դրսից։ Նրանք անհամաչափ սատարում են հայտնում այս իշխանություններին»,- ասել է Սարգսյանը։
Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանն արդարացրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ «վառելանյութի գործով» հանցակազմի բացակայության հիմքով, որով նրան մեղադրում էին բետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։