Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման համաձայնագիրը և բազմահազարանոց բողոքի շարժումը կթուլացնեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ԵՄ կողմից աջակցության ազդանշանների բացակայության պայմաններում, գրում է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը (ECFR):
«Շարժումն ակտիվացել է, և այժմ ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ դուրս գալով փողոց և փակելով մի քանի հիմնական ճանապարհ։ Այն, ինչ սկսվեց որպես խոստումնալից դիվանագիտական քայլ, կարող է ավարտվել՝ էապես թուլացնելով Փաշինյանի կառավարությունը», – ասվում է վերլուծական կենտրոնի հրապարակման մեջ:
ECFR-ի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը կարծում է, որ ԵՄ-ն պետք է աջակցության հստակ ազդանշաններ ուղարկի Փաշինյանի կառավարությանը, որպեսզի նա կարողանա իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար ԵՄ-ն ապրիլին հատկացրել էր 270 միլիոն եվրո։
Բացի այդ, Եվրոպան պետք է միասնական մոտեցում մշակի «կարևոր առևտրային և էներգետիկ գործընկերոջ»՝ Բաքվի նկատմամբ, ինչը, միևնույն ժամանակ, թույլ կտա ԵՄ-ին օգտագործել լծակները հօգուտ Երևանի, հավելել է փորձագետը։
Դյումուլենի կարծիքով՝ Փաշինյանի դիրքերը զգալիորեն կթուլանան՝ չնայած ընդդիմության դժվարություններին՝ ստանալով վարչապետին իմպիչմենտի ենթարկելու համար անհրաժեշտ ձայները։
«Նրա կողմից հստակ ռազմավարության բացակայությունը, ինչպես նաև Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը, Ռուսաստանի հետ լարվածության աճը և Արևմուտքի աջակցության հստակ ազդանշանների բացակայությունը կարող են ավելի խաթարել Փաշինյանի հանրայնությունը և դրանով իսկ՝ Հայաստանի փխրուն ժողովրդավարությունը», – եզրափակել է Դյումուլենը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մայիսի 31-ին շարժման մասնակիցներն ակցիա էին անցկացրել ԱԳՆ շենքի մոտ։ ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ժամը 16։30-ի դրությամբ բերման էր ենթարկվել ակցիայի 26 մասնակից։