«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 3-ին Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու բակից երթով շարժվել է ՀՀ քննչական կոմիտե։ Շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոսը Գալստանյանը երթի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է, որ որոշակի պահանջներ են ներկայացնելու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին։
«Ես ՔՊ նախագահին ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել Արցախում, բարևել ենք, ողջագուրվել, իսկ հիմա ուղղակի գնալու ենք ՔԿ, որոշակի պահանջներ ներկայացնենք, որոնք իրենց գործառույթների մեջ են»,- ասել է նա։
Հասնելով ՔԿ՝ նա հայտարարել է՝ պահանջում են, որ Քյարամյանը կամ ՔԿ որևէ ներկայացուցիչ իջնի և զրուցի իրենց հետ։
Գալստանյանի խոսքով՝ պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքացիների նկատմամբ ակցիաների ընթացքում բռնության ենթարկած ոստիկաններին։
Քաղաքացիներն իրենց հետ հայելիներ են տարել ՔԿ՝ այդկերպ կառույցի ներկայացուցիչներին կոչ անելով մեղադրանքներ առաջադրելուց առաջ հայելու մեջ նայել։
Ոստիկանությունը շարժմանը հորդորել է իրենց պահանջների մասին «դիմում գրել Քննչական կոմիտեին, քանի որ կառույցից որևէ մեկը չի պատրաստվում իջնել և հանդիպել նրանց հետ»։ ՆԳՆ ոստիկանությունը ՔԿ-ի դիմաց մեծաթիվ ուժեր է կուտակել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։