Մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ Արտաքին գործերի նախարարության դիմաց իրականացրած ակցիայից բերման ենթարկված, ապա ձերբակալված 27 քաղաքացիներին մեղադրանք չի առաջադրվել, Քննչական կոմիտեի մոտ ընթացող ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան խմբակցության» պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ մայիսի 3-ին լրանում է նրանց ձերբակալության 72 ժամը։ Վարդանյանի խոսքով, ըստ ընթացակարգի, նրանք պետք է ժամը 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում ազատ արձակվեն։ Միևնույն ժամանակ՝ նա չի բացառել, որ մինչ այդ կարող են մեղադրանքեր առաջադրվել։
Մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԳՆ շենքի մոտ ակցիա էր իրականացրել՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է։ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանությունը փորձել էր ցրել շարժման ակցիան, հետո բախումներ էին սկսվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների պահման վայրում 27 քաղաքացի կա։
Հունիսի 3-ին ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի դիմաց՝ հանդիպում պահանջելով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի կամ ՔԿ ներկայացուցչի հետ։
Շարժման աջակիցներն ի նշան բողոքի՝ ձեռնաշղթաներով ակցիա են իրականացրել։ Նրանք այդ քայլով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել քաղաքացիներին բերման ենթարկելու, ձերբակալելու և բռնության ենթարկելու համար։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութերում։