Կիրանցում իրականացված սահմանագծման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատեր Մհերը հունիսի 3-ին սկսել է քանդել իր տունը, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթը հիշեցրել է, որ սահմանազատումից հետո գյուղի երկու տուն փոխանցվել է Ադրբեջանին։ Դրանք ազատելու համար բնակիչներին ժամանակ է տրվել մինչև հունիսի 24-ը։
Տավուշի մարզի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը լրատվականին պարզաբանել է, որ մարդիկ չեն ցանկանում ադրբեջանցիներին թողնել այն, ինչ իրենք երկար տարիներ կառուցել են։
«Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում։ Գուցե ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- Շահինյանի խոսքերն է մեջբերել թերթը։
Վարչակազմի ղեկավարը խուսափել է պատասխանել հարցին, թե իշխանությունները կհասցնե՞ն գյուղում այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչպես խոստացել էին երկու ամսից։ «Չեմ կարող ասել՝ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»,- ասել է նա։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։