Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելով՝ տրանսպորտային միջոցները կայանել են ճանապարհի երթևեկելի մասում՝ իրականացնելով անհնազանդության ակցիա:
Գերատեսչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պահանջել են խոչընդոտ ստեղծող վայրերում կանգնած տրանսպորտային միջոցները հեռացնել, ինչին ի պատասխան՝ բողոքի ակցիային մասնակցող վարորդները հրաժարվել են այդ պահանջները կատարել։
«Ոոստիկանության ծառայողներից մեկը փորձել է «Վազ Պրիորա» մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքի արգելակն իջեցնելու միջոցով այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վայքի 19-ամյա բնակիչը, հարվածներ է հասցրել ոստիկանի մեջքի շրջանին և քաշքշել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ»,- հայտնում է ՔԿ-ն:
Նշվում է, որ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամանակով: Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։