Հունիսի 5-ին՝ ժամը 18։00-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում հանահավաք կանցկանցնի, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա նշել է, որ Երևանից շարժվելու են ժամը 14։00-ին։
Շարժումը մայիսի 4-ին երթով շարժվել էր ՄԻՊ գրասենյակ՝ հանդիպում պահանջելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ։ Թեև Մանասյանը Սրբազանի և մինչև 4 քաղաքացու հետ հանդիպման պատրաստակամություն էր հայտնել, հանդիպումն այդպես էլ չէր կայացել։ Խնդիրը ԶԼՄ-ների ներկայության վերաբերյալ շարժման պահանջն էր, իսկ ՄԻՊ-ն առանց ԶԼՄ-ների հանդիպման առաջարկ էր արել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։