«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Մեսրոպ Եսայանի նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Եսայանին ձերբակալել էին մայիսի 31-ին՝ Արտաքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած ակցիայից ու բախումներից հետո։
Փաստաբանը տեղեկացրել է, որ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Խափանման միջոցը համակցված է երկրից բացակայելու արգելքի հետ:
Հունիսի 4-ին ՔԿ-ն ԱԳՆ շենքի դիմաց իրականացրած ակցիայի 5 մասնակցի խուլիգանության հոդվածով մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը, պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ)։
Մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԳՆ շենքի մոտ ակցիա էր իրականացրել՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է։ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանությունը փորձել էր ցրել շարժման ակցիան, հետո բախումներ էին սկսվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների պահման վայրում 27 քաղաքացի կա։ Հունիսի 3-ին ձերբակալված 27 քաղաքացիներն ազատ էին արձակվել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։