«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մտադիր է ԱԺ գնալ, հայտնել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ շարժման մասնակիցները պլանավորում են ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա կազմակերպել խորհրդարանի վերջին նստաշրջանի հարցուպատասխանի օրը՝ հունիսի 12-ին, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ թերթի՝ ՔՊ պատգամավորներին նյարդայնացնում է, որ շարժումը պարսավանքի է ենթարկում ոչ միայն վարչապետին, այլև իրենց։ Այս պատճառով քննարկում են հերթական նստաշրջանի ավարտից հետո մեկ արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության հարցը։
«ՔՊ պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել և գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ»,- նշել է թերթը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։