«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 5-ին հանրահավաք է անցկացրել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում։ Հունիսի 4-ին շարժումը հայտարարել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Սոթք համայնքներ մեկնելու մտադրության մասին։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ մարզային այցերը նպատակ ունեն քաղաքացիներին իրազեկել սահմանազատման ապօրինի գործընթացի վտանգների մասին։
Սոթքի հավաքի ժամանակ Գալստանյանը հայտնել է, որ հունիսի 9-ին նա կպատմի շարժման հաջորդ՝ վերջնական փուլի մասին։ «Հունիսի 9-ը մեզ համար չափազանց կարևոր է, որը պատրաստությունն է լինելու մեր մյուս՝ հուսամ վերջանական ու հաղթական քայլին»,- նշել է նա։
Շարժման առաջնորդը խոսել է փողոց դուրս գալու իր շարժառիթներին մասին։ Գալստանյանը նշել է, որ ինքը հանձն է առել անցնել «ինքնամաքրման, ապաշխարհության շրջանով» երկու պատճառով։
«Ես հանձ եմ առել անցնել այս բոլոր լուտանքների, ծաղրանքների միջով, առաջին հերթին հայոց պատմության զոհասեղանին իրենց կյանքը դրած տղաների առջև մաքուր գտնվելու համար։ Երկրորդ՝ այն հայրենիքի համար, որը մեր աստվածատուր հողն է, օրհության աղբյուր է եղել ու հիմա տնքում է մեր պատճառով։ Ի՞նչ ենք ժառանգելու սերունդներին»,- ընդգծել է նա։
Գալստանյանը հավելել է, որ հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, Սուրբ Աննայում արդեն ավանդական դարձած հանդիպումը կկայանա։ «Բայց ես անձնապես մյուս օրվան պատրաստվելու հարց ունեմ»,- ասել է նա։
Շարժման համախոհներն ավտոերթով շարժվել են դեպի Սոթք։ Ճանապարհին քաղաքացիները մի քանի անգամ կանգնեցրել են ավտոշարասյունը և ողջունել նրանց։ Նորատուս, Մարտունի,Վարդենիս և Սոթք համայնքներում աղուհացով են դիմավորել երթի մասնակիցներին։
Նախքան Սոթք հասնելը՝ Գավառ-Մարտունի ճանապարհին ոստիկանները փորձել էին խոչընդոտել ավտոերթին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։