Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզաբնակներին սպառնացել է ազատել աշխատանքից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին մասնակցելու դեպքում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով մարզում իր արցախցի աղբյուրին։
Ըստ թերթի՝ Սարգսյանը խստիվ արգելել է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին մասնակցել հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից, իսկ ՔՊ անդամ Ահարոն Խաչատրյանը ենթակաների միջոցով հանրահավաքից ժամեր առաջ տեղում բնակվող արցախցիների հետ հրատապ հանդիպում է նախաձեռնել:
«Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17։30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու»,- թերթին ասել է արցախցի աղբյուրը՝ նշելով, որ միտումնավոր են այդ օրն այդ ժամին հանդիպում նշանակել՝ փորձելով արցախցիներին հետ պահել հանրահավաքին մասնակցելուց։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարեցին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։