«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է առաջիկա օրերի ծրագրերի մասին։
Նա շարժման աջակիցներին հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի է հրավիրել։
Գալստանյանի խոսքով՝ վրաները մինչև հունիսի 12-ը մնալու են Բաղրամյան պողոտայում։ «Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց ամիսներով չի մնալու, 96 ժամով կսահմանափակվենք՝ հուսալով, որ կլինի այն, ինչ մենք ուզում ենք»,- նշել է նա։
Շարժման առաջնորդը կարևորել է հունիսի 12-ին «բազմաթիվ ուժերի ներկայությունը»։ «Հունիսի 12-ին մեզ համար չափազանց կարևոր է այստեղ գտնվել, թե ինչ կանենք, դա ուրիշ հարց»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ շարժման մեծ հանրահավաքների չափ մարդկանց ներկայության պարագայում հաջողության են հասնելու։
Գալստանյանը նաև նշել է, որ հունիսի 11-ին «տարբեր վայրերում տարբեր գործողություններ են լինելու», բայց չի մանրամասնել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց և շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։
Մանրամասները՝ տեսանյութում։