Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած 8 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցներում, լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«8 քաղաքացի շարունակում է բուժումը հիվանդանոցներում։ Վիրահատված 1 քաղաքացու վիճակը բավարար է։ Մյուսներն այս օրերի ընթացքում, կարծում եմ, դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ընդգծել է նախարարը։
Ավանեսյանը հստակեցրել է՝ բավարար վիճակում գտնվող քաղաքացին այն տուժածն է, որի 3 մատներն անդամահատել էին (քաղաքացին տուժել էր ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցից-խմբ․)։
Առողջապահության նախարարը ոստիկանության գործողություններն «իրավաչափ և համաչափ» է որակել։
«Ոստիկանության գործողություններն իրավաչափ և համաչափ էին։ Ոստիկանությունն իրականացրել է իր՝ հասարակական կարգը պահպանելու գործառույթը»,- եզրափակել է նախարարը։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ԱԺ-ում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։
Մանրամասները՝ տեսանյութում։