Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժան հավաքից ու բախումներից հետո ձերբակալված 8 անձանցից 7-ի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, մեկի նկատմամբ որոշումը դեռ չի հրապարակվել, տեղեկանում ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի Facebook-յան էջից։
Իրավապաշտպանը հայտնել է, որ Կարմեն Մնացականյանի, Վաչիկ Խաչատրյանի, Ավետիք Ջիլավյանի և Նարեկ Պետրոսյանի նկատմամբ դատարանը կիրառել է կալանք՝ 1 ամսով։ Լևոն Սաֆարյանի, Արմենակ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է 2-ամսյա կալանք, իսկ Տիգրան Սարիբեկյանի նկատմամբ կիրառվել է 2-ամսյա տնային կալանք։ Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ դատարանը դեռ չի հրապարակել Սամվել Բաղդասարյանի վերաբերյալ որոշումը։
Մելիքյանը տեղեկացրել է, որ նրանց մեղադրում են «իբր խուլիգանություն կատարելու, ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ պլաստիկ շիշ և փայտի կտոր նետելու մեջ»։
Իրավապաշտպանը հավելել է, որ հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված մյուս 28 քաղաքացիներն ազատ են արձակվել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։