Իրավապահները հարցաքննության են կանչել հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների և բախումների ժամանակ տուժած լրագրողներին և օպերատորներին՝ նրանց հնարավոր կապը «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ ճշտելու նպատակով, գրում է «Ժողովուրդը»՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցրել են, թե ի՞նչ կապ ունեն արքեպիսկոպոսի հետ, ո՞ւմ հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցե՞լ են շարժման առաջնորդի հետ»,- հայտնել է թերթը։
Լրագրողները քննիչներին հայտնել են, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու, ինչն անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում, հավելել է թերթը:
«Ժողովուրդ»-ը հիշեցրել է ապրիլից ի վեր բողոքի ակցիաների վարույթներով 29 ձերբակալվածի մասին և, իր աղբյուրներին հղումով անելով, հայտնել, որ «առաջիկայում նոր կալանավորումներ կլինեն»։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։