Իշխանությունները պարզում են՝ իրենց շարքերից ո՞վ է մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և հորդորում ազատման դիմում գրել, հայտնել է «Հրապարակ»-ը։
Թերթի տվյալներով՝ միջին օղակներում աշխատող ՔՊ որոշ ներկայացուցիչներ զբաղված են բողոքի ակցիաների տեսագրություններն ուսումնասիրելով, որ նույնականացնեն, թե իրենց ենթականերից ո՞վ է մասնակցել դրանց:
«Գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` 1-2-ի բացառությամբ, մշտապես մասնակցել է ցույցերին։ Կանչել է, որ «զրուցի» նրանց հետ` առաջարկելով դիմում գրել, գնալ, եթե համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ, չնայած աշխատակիցները փորձառու և, կարելի է ասել, անփոխարինելի կադրեր են»,- գրել է թերթը։
Ըստ հրապարակման՝ նրանք կանչում և բացատրություններ են պահանջում աշխատողներից, նախատում վերջիններիս։ Սակայն աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին մասնակցելն էլ մեր սահմանադրական իրավունքն է, գրել է թերթը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։
Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։