1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով կառավարությունը՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանքները։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին պետք է նշվի «Քաղաքացու օրը»։
Եվ, ահա, փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։ Դրանք չեղյալ են համարվել։
2․ «Հրապարակ» թերթը գրում է, երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երևանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Անձամբ Հարությունյանը ժխտել է վարչապետի հետ հանդիպման լուրերը։
Թերթը տեղեկություններ է ստացել, որ Մասիս Մայիլյանը նույնպես Երևանում է եղել, սակայն նա զանգերին չի պատասխանել:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Արցախից լուրեր են ստացել, որ 2-րդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում: Բանն այն է, որ նրան աջակցած և ձայների 80 տոկոսն ապահոված Սամվել Բաբայանը հնարավոր է 2-րդ փուլում չաջակցի Մայիլյանին, քանզի նա հասել է իր նպատակին՝և իր կուսակցությունը խորհրդարանում 2-րդ ուժն է: Ավելին՝ չի բացառվում, որ նա կոալիցիա կազմի Արայիկ Հարությունյանի հետ: Երեկ Մայիլյանը թերթի զանգերին չպատասխանեց։ Թեև թիմից վստահեցնում էին, որ նման որոշում չկա, բայց Սամվել Բաբայանը հաստատեց, որ ինքն էլ ունի նման տեղեկություն, որ Մայիլյանը չի ուզում շարունակել, անգամ հայտարարություն չի արել այդ մասին: Մայիլյանի չմասնակցելու դեպքում սահմանադրական ճգնաժամի վտանգ է ստեղծվում։
4․ «Փաստ» օրաթերթը գրում է, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հակաճգնաժամային 9-րդ միջոցառման մասին, օգտագործել է «օրավարձով աշխատող» արտահայտությունը: Այնինչ նույն Փաշինյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում բոլորիս «համոզում» էր, որ Հայաստանում օրավարձով աշխատող չկա:
Փաստորեն այս գործելաոճը գործող իշխանությունների համար գնալով ավելի ու ավելի հիմնական է դառնում՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»-ից մինչև «մեր քաղաքացիներին պետք է խնդրենք ավելի շատ ջանք թափել՝ սեփական անվտանգությունը պահպանելու համար», «շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»-ից մինչև «կոչ եմ անում այս ամենին շատ լուրջ վերաբերվել», և այլն…
Կամ՝ ի՞նչ է նշանակում առողջապահության նախարարի՝ այս կամ այն քայլերի հետ կապված պարբերաբար օգտագործվող «շուտով» արտահայտությունը: Դա շատ հարաբերական հասկացություն է:
Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ մեզանից անհամեմատ մեծ տուրիստական հոսք ունեցող Վրաստանում հիվանդացության մակարդակը մեզանից անհամեմատ ցածր է, առողջապահության նախարարը բնորոշում է, որպես «երջանիկ պատահականություն»:
Պատահական չէ, որ երեկ սոցցանցերում բազմաթիվ մեր հայրենակիցներ արձանագրում էին, որ նախարարն, ըստ երևույթին, ինչ-որ բան խառնել է: Խառնել է ինչ-որ երևույթներ, ոմանց կարգավիճակը, բայց ոչ Վրաստանի առումով: Բայց դրան արդեն հարկ կլինի անդրադառնալ ավելի ուշ: Պանդեմիայի հաղթահարումից հետո: Հուսով ենք՝ շուտով:
5․ Համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ հեռախոսազանգերով մարդկանց տեղայնացնելու օրենքի նախագիծն Ազգային ժողովը 2-րդ փորձից հետո միայն կարողացավ ընդունել: «Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականների վերաբերմունքն օրենքի նկատմամբ միանշանակ չէ: Այս առնչությամբ անձամբ Տիգրան Ավինյանն է զրույց ունեցել «Իմ քայլի» իր գործընկերների հետ, ու տեսնելով, որ առաջին իսկ անգամից այն անցկացնել հնարավոր չեղավ, որոշել է ներկա լինել երկրորդ արտահերթ նիստին, որ գոնե իր ներկայությունից սաստվեն պատգամավորները: Մինչ երկրորդ անգամ արտահերթ գումարելը, երբ պատգամավորները մոտ 40 րոպե սպասում էին, որ քվորումի համար անհրաժեշտ 67 պատգամավոր գրանցվի, Ավինյանը հենց նիստերի դահլիճում թեժ խոսակցություն է ունեցել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
6․ «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն օրեր առաջ նկատողություն է հայտարարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին: Պատճառը՝ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկի մականունով հայտնի Հայկ Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տալու որոշումն է:
Ուսումնասիրելով ՀԺ-ի հրապարակումը՝ Արդարադատության նախարարը դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ և միջնորդություն ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
7․ «Փաստ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում գազի գնի թեման այն հարցերից է, որի նկատմամբ հանրությունը չափից ավելի զգայուն է։ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ գազի գինը, սակայն այն չանդրադարձավ սպառողների վրա, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ այս հարցի շուրջ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ այնպիսի սակագին պետք է սահմանվի, որ չհարվածի Հայաստանի տնտեսությանը:
Եվ ահա, պարզվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և մտադրություն հայտնել 2020թ. հուլիսի 1-ից փոփոխել գազի գինը: Ընդհանուր առմամբ, թվում է՝ 3,5 դրամով սպառողների համար գազը էժանանում է:
Սակայն ուշադրության է արժանի ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի այն հատվածը, որի համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909,6 դրամ: Այսինքն, սոցիալապես անապահով խավի համար նախատեսված զեղչը վերանում է, ու գազը թանկանում է, այն էլ՝ 36 տոկոսով:
Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ և առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին։