Աբխազիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների՝ երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին հայտարարություններին։
Հուլիսի 3-ին Թբիլիսի կատարած այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Վրաստանը ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ «փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
«Հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- ասվում է Աբխազիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ հայկական կողմի դիրքորոշումը լուրջ փոփոխություն է կրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելիս՝ ի պաշտպանություն «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևին:
«Զարմանալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ քվեարկեցին այս բանաձևի օգտին։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր hանրապետության ականավոր հայրենասերներն են և աբխազ ժողովրդի հետ կողք-կողքի, զենքերը ձեռքին, պաշտպանել են մեր երկրի անկախությունը վրացի ագրեսորներից»,- նշել են այդ երկրի ԱԳՆ-ից։
Աբխազական կողմը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը «ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կհարմարեցնի իր դիրքորոշումն այս հարցում»։