Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալի համար մրցապայքարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 0։7 հաշվով պարտվել է Կուբան ներկայացնող Լուիս Օրտա Սանչեսին։
Նա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։
Օգոստոսի 7-ին կիսաեզրափակչում Գալստյանը 4։10 հաշվով պարտվել էր Իրանի մարզիկ Սայեդ Էսմայելիին։ Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի մարզիկ Մամադաս Սիլայի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Գալստյանը հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Արոյոյին։
Օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նույն օրը 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։