Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանն ազատ ոճի ըմբշամարտի քառորդ եզրափակչում պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրին, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
65 կգ քաշային Թևանյանը լարված պայքարում հաղթում էր 5։1 հաշվով, սակայն վերջնաարդյունքում պարտվեց 7։5 հաշվով՝ զրկվելով կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
Այսօր ավելի վաղ Թևանյանը 1/8 եզրափակչում 11։0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլիին։
Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 3 մեդալ։ Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Վաղը տեղի կունենա Օլիմպիադայի փակման արարողությունը։
Հայ առաջատար ըմբիշները չեն մասնակցելու Զինվորականների աշխարհի առաջնությանը
Հայաստանի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու Զինվորականների ըմբշամարտի աշխարհի ռազմական առաջնությանը, հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի...