ՀՀ իշխանությունները, որոնք անտեսում են Արցախն ու խաչ են քաշել Արցախի վրա, բարոյական առումով հայ ժողովրդի շարքերում տեղ չունեն, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, լրագրողներին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Armenia Today-ի հարցին՝ ԱԺ քառօրյայի մեկնարկին ընդառաջ ընդդիմությունը քաղաքական դաշտն ակտիվացնելու, իշխանափոխության նոր տարբերակներ քննարկո՞ւմ է, Օհանյանը պատասխանել է, որ իշխանափոխության հարցն իրենց օրակարգից դուրս չի եկել։
«Իշխանափոխության օրակարգն ընդդիմության համար միշտ առաջնային է։ Ե՛վ Ազգային ժողովում, և՛ ԱԺ-ից դուրս, հատկապես ժողովրդի հետ աշխատանքներում, Սրբազան պայքարի շրջանակներում ընդդիմությունը գործունեություն է ծավալելու և իր աջակցությունն է ցուցաբերելու»,- ասել է Օհանյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ սեպտեմբերի 2-ի հայտարարությանը, թե «Հայաստանն ագրեսոր պետություն է և ՀՀ ԶՈւ-ի նկատմամբ պետք է սահմանափակումներ կիրառվեն», Օհանյանն ընդգծել է ՀՀ իշխանությունների կողմից անհրաժեշտ արձագանքի բացակայության մասին։
«Եթե ՀՀ իշխանությունեներն ամուր կառավարման համակարգ ունենային ու իրենց տեղն ունենային որպես ինքնիշխան պետություն, պետք է հակադարձեին Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանը թող զբաղվի ոչ թե հայության, Արցախի, այլ իր ներքին հարցերով։ Լինելով հանցագործ, ագրեսոր պետություն՝ Ադրբեջանն ուզում է հայ ժողովրդի վզին փաթաթել ագրեսոր պետությանն առնչվող պատժամիջոցները։ Այդ պատժամիջոցները ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նկատմամբ պետք է իրականացվեն»,- ասել Օհանյանը։
Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:
2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։