Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակելու մասին օրինագծին, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ըստ նոր փոփոխությունների՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյանը։
«Հայաստանում և, մասնավորապես, Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ոլորտը կանոնակարգված չէ, հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել դրանց երթևեկության կանոններն օրենսդրությամբ սահմանել»,- ասել է Համբարյանը:
Նախագծով սահմանվել է նաև, որ համայնքում անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանվելու են համայնքի ավագանու կողմից:
Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Մասնավորապես, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
«Կազմակերպությունների համար, որոնք վարձակալությամբ տրամադրում են նման սարքավորումներ, նախատեսված է նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ սարքավորումը ճիշտ կահավորված չէ: Սարքավորումը պետք է ունենա նաև արագության չափման սարք»,- մանրամասնել է փոխնախարարը:
2022 թվականի օգոստոսին ՆԳՆ ոստիկանությունը նախագիծ էր ներկայացրել, որով սահմանվում է չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների (ինքնագնաց) օգտագործումը։