Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի հետ հանդիպմանը խոսել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում նպատակային ծրագրեր իրականացնելու, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտության մասին։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Հաքն ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ «շարունակելու օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ծրագրերի ընդլայնումն ու ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է այդ նպատակին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև այս տարվա ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին:
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հաքի հետ հանդիպմանը կարևորել էր երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը։