ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի շփումները, մասնավորապես՝ հոկտեմբերին ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի ղեկավար Յանուշ Ադամչակի այցը Բաքու։
«ՆԱՏՕ-ի անդամների ակտիվությունը, լինի դա ադրբեջանական, թե հայկական ուղղությամբ, հանգում է մի բանի՝ Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման ևս մեկ թատերաբեմի։ Տարածաշրջանի երկրներին իրար դեմ հանել, հետո ինչ-որ կերպ սեփական օգուտը ստանալ»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ տարածաշրջանում որոշումները պետք է կայացնեն տարածաշրջանի երկրները։ Նա հավելել է, որ հոկտեմբերի 18-ին նախատեսված «3+3» ձևաչափով հանդիպումը հաստատում է, որ դա հնարավոր է։ «Այս ամենը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության։ Այս դիրքորոշումը մենք փոխանցում ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։