Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրում կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջում իրականացնել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ (Վրաստանում – խմբ.) կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման (խորհրդարանական ընտրություններից հետո – խմբ.)»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին:
Նրա խոսքով՝ հեղաշրջումը ծրագրվել էր ավելի վաղ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս անգամ, ինչպես նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը, հարձակվողները դիտորդական հասարակական կազմակերպությունների օգնությամբ մտադիր են կեղծ ընտրությունների մասին զեկույցներ տարածել՝ Վրաստանում «հետագա անկարգությունների համար կեղծ պատրվակ» ստեղծելու նպատակով։
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում իշխանությունը հակաժողովրդավարական ճանապարհով զավթելու համար, և դրանում ներգրավված են տեղական մոնիթորինգային կազմակերպությունները»,- հավելել է նա։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։