Թբիլիսիում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները ճայթրուկներ են նետել Վրաստանի խորհրդարանի շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի 1-ի գիշերը ցուցարարները նաև հրավառություն են իրականացրել խորհրդարանի շենքի ուղղությամբ, հավելել է կայքը։
Sputnik Georgia-ն դեկտեմբերի 1-ի առավոտյան տեղեկացրել է, որ հրդեհը մարվել է։ Կայքը նշել է, որ ցուցարարները քարեր և տարբեր առարկաներ են նետել՝ վնասելով խորհրդարանի շքամուտքի և կողային ճակատների վրա տեղակայված պատուհանները:
«Արդեն 3-րդ օրն է՝ ցույցերը շարունակվում են։ Ցուցարարները դեկտեմբերի 1-ի գիշերը խորհրդարանի հարակից հատվածներում նստարաններ, աղբամաններ, ցանկապատեր են տեղադրել»,- ասված է հրապարակման մեջ։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։