Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում, Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
«Ֆիդանը դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ։ Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը, որը կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, և այդ համատեքստում հանդես է գալիս լարվածության նվազեցման օգտին: Նա հայտարարել է, որ ռեժիմի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է ավարտվի Սիրիայում խաղաղություն հաստատմամբ: Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ իր և սիրիացի քաղաքացիական բնակչության դեմ»,- հայտնել է աղբյուրը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կատարի իր խոստումները, որպեսզի Լիբանանում հրադադարը մշտական լինի։ Նա հայտարարել է, որ Գազայում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հրադադարի ռեժիմ հաստատել և մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
Այսօր ավելի վաղ «Գանձասար» շաբաթաթերթը հայտնել էր, որ Սիրիայում դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։