Վրաստանի ամբողջ տարածքում շարունակվում են բողոքի ակցիաները։ Մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցերից բացի, քաղաքացիները հանրահավաք են անցկացնում նաև Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Խաշուրիում և Գորիում, տեղեկացնում է Gruzia Online-ը։
Դժգոհ քաղաքացիները դեմ են կառավարության՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները դադարեցնելու որոշմանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա հայտարարությամբ, տեղեկատվությունը տարածել է նախագահի աշխատակազմը: Նախագահի ճեպազրույցն Աթոնելիի նստավայրում նշանակված է ժամը 21:00-ին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը հանդիպում է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ՝ երկրում ընթացող գործընթացների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, Վրաստանում եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։
Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։