ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմըրիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է նա։
Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն (փրայմըրիզ) անցկացնելու մասին։ Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-10-ը։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։ Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը ՔՊ-ի Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Խոջումյանը հայտարարել էր ՔՊ-ից դուրս գալու մասին։
Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։ Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը մեկնաբանել էր թմրանյութերի առկայությունն ստուգող իր թեստի դրական արդյունքի մասին լուրերը։ Պատգամավորը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։