Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պարզաբանել է երկրում խորհրդարանական ընտրություններում «հայկական կարուսելի» կիրառման մասին իր արտահայտությունը և նշել, որ իր խոսքերում «էթնիկական ենթատեքստ» չկա, հայտնում է Эхо Кавказа ռադիոկայանը։
«Ուզում եմ ասել ազգությամբ հայ (Վրաստանի քաղաքացիներին-խմբ․) և հայերին (հարևան երկրում), որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը, «հայկական կարուսելը» էթնիկական երանգավորում չուներ»,- ասել է Զուրաբիշվիլին՝ Վրաստանի հանրային հեռարձակողի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ առաջին անգամ այդ տերմինը լսել է Վրաստան վերադառնալուց հետո՝ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեի օրոք։ Զուրաբիշվիլին պնդել է, որ կեղծման նույն մեթոդն օգտագործվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։
«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա մեջ ընդհանրապես էթնիկ պատկանելություն չկա»,- հավելել է Վրաստանի նախագահը։
Ըստ Эхо Кавказа-ի՝ Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունգարիայում, Բոսնիա և Հերցեգովինայում նմանատիպ կարուսելը կոչվում է «բուլղարական գնացք», իսկ Բուլղարիայում՝ «հնդկական թել»։
Զուրաբիշվիլին հոկտեմբերի 28-ին Associated Press-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վրաստանի ընտրություններում օգտագործվել է ընտրակեղծիքներ իրականացնելու «հայկական կարուսել» մեթոդը։ Վրաստանի նախագահն ընտրակեղծիքների մեխանիզմը որակել էր որպես սոցիալապես անապահով մարդկանցից և բանտարկյալների ընտանիքներից անձը հաստատող փաստաթղթերի հավաքում՝ քվեարկության ժամանակ օգտագործելու համար։ Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով կարելի էր քվեարկել առնվազն 17 անգամ, ասել էր նա։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։ Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Կահիրեում՝ D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում, Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանային...