Հայաստան-Թուրքիա սահմանին նոյեմբերին տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, «Ազատության»-ը հաստատել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»,- ասել է Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակն այլ մանրամասներ չի հայտնել։
«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրին, նոյեմբերի 14-ին գրել էր, որ Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի էր ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպումը։
Նոյեմբերի 14-ին Armenia Today-ն ԱԳՆ-ից փորձել էր ճշտել՝ հանդիպում կայացե՞լ է, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից մեր հարցմանը չէին արձագանքել։